«Պատմական ակնարկ», թե ինչպես ստեղծվեց քայլքի իմիտացիա իրականացնող սարքը (Քայլաբեր)
2022-02-21«Պատմական ակնարկ», թե ինչպես ստեղծվեց քայլքի իմիտացիա իրականացնող սարքը (Քայլաբեր). երբ կա հավատքը, կլինի նաև արդյունքը։
2016 թվականի Քառօրյա պատերազմից հետո ռազմական գործողությունների հետևանքով զինհաշմանդամություն ձեռք բերած տղաների թիվն աճեց, և, դրան զուգահեռ, առաջացավ նրանց վերականգնողական բուժումն ապահովելու խնդիր։
Դավիթ Արսենյանը և նրա կինեզիոլոգ ընկերները վերականգնողական կենտրոնում սկսեցին աշխատել տղաների հետ՝ օր ու գիշեր ապահովելով վերականգնողական գործընթացները, որոնք հիմնականում իրականացվում էին մանուալ՝ առանց աջակցող սարքավորումների, պահանջում էին մեծ ջանք, ֆիզիկական ուժ, ծանրաբեռնվածություն: Աշխատանքների ընթացքում շատերի մոտ գրանցվում էին դրական տեղաշարժ և անգամ գիտության տեսանկյունից անհավանական վերականգնման դեպքեր, սակայն տղաները, դուրս գրվելով վերականգնողական կենտրոնից, միշտ չէ, որ տանը ունենում էին հնարավորություն, որ շարունակեին իրենց վերականգնումը, ուստի մինչև վերականգնողական կենտրոն հաջորդ այցը, հիմնականում գրանցում էին առողջական վիճակի հետընթաց:
Դավիթը իր և թիմի առջև դրեց նպատակ՝ ունենալ հայկական արտադրության վերականգնողական սարքեր, որոնք՝
—Կիրականանցնեին քայլքի իմիտացիա և թույլ կտային կանխել նստակյաց կյանքին զուգահեռ զարգացող հնարավոր հիվանդությունները,
—Թույլ կտային իրականացնել հեռավար ռեաբիլիտացիա տնային պայմաններում,
—Կլինեին հեշտ կիրառելի՝ անգամ առանց խնամակալի օգնության և ֆիզիկական մասնակցության,
—Կկրճատեին վերականգնման ժամանակը և կապահովեին առավելապես դրական արդյունքներ և առողջական վիճակ,
—Կբացառեին ծնողի կամ խնամակալի ֆիզիկական ուժի կարիքի անհրաժեշտությունը:
Այսպիսով՝ ստեղծվեց քայլքի իմիտացիա իրականացնող սարքը, որի անունը պատահական չէ ընտրված, քանի որ այն իրականացնում է քայլքի ամբողջական իմիտացիա, և շարժի մեջ են լինում բոլոր այն մկանները, որ քայլելիս ակտիվանում են:
Բուն սարքին զուգահեռ, թիմը մշակել է և կյանքի է կոչում նաև նորարարական մեթոդներ, որոնց մասին կխոսենք առաջիկայում: