Քայլքի իմիտացիա ստեղծող նորարարական MetaGait-ին է անդրադարձել Հայաստանի Հանրային Ռադիոն։

20 տարի անվասայլակով տեղաշարժվող Գոհար Նավասարդյանն այսօր Աճառյան փողոցի շենքերից մեկի 6-րդ հարկում դահուկ է վարում։ Դահուկի փոխարեն, սակայն, ոտքերին MetaGait սարքն է` աչքերը պաշտպանող ակնոցի փոխարեն՝ այլ իրականություն տեղափոխողը։

Պարզ գործողություններ՝ դեպի վիրտուալ տուրիզմ․ հաշմանդամություն ունեցող մարդիկ հայկական արտադրության սարքի շնորհիվ կարող են քայլել, սար բարձրանալ, անգամ մրցել, մասնակցել տուրերի, ստանալ ոտքով, օրինակ, Տաթևի վանք հասնելու զգացողություն։ Սա էքստրիմից զատ նախ առողջապահական գաղափար է։ Սարքը նաեւ թերապեւտիկ ազդեցություն ունի՝ կարող է կանխել մշտապես նստած մարդկանց մոտ հնարավոր առողջական խնդիրները, նույնիսկ օգնել չքայլող մարդկանց՝ սեփական առաջին քայլն անել․ գիտականորեն է ապացուցված։