ՔԱՅԼԱԲԵՐ
Ինչպես բազմիցս ներկայացվել է, վերականգնողական բուժումը կատարվում է երկու ուղղություններով՝ բարդությունների կանխում և կորցրած ֆունկցիաների հնարավորինս վերականգնում։ Այս սարքը՝ իր կատարած ֆունկցիաներով, երկու ուղղություններում էլ ծառայում է։ Հարկ եմ համարում նշել, որպես վերականգնող բժիշկ, որ նյարդավերականգնողական բուժման մեջ թե՛ թերապևտիկ, թե՛ պահպանողական-կանխարգելիչ նպատակներով սարքի կիրառումը կարևոր է։
Գլխուղեղային և ողնուղեղային խանգարումների դեպքում սարքի միջոցով կանխարգելվում են այնպիսի բարդություններ, ինչպիսիք են օստեոպարոզը և դեֆարթրոզները, այսինքն` կատարվում է դիրքային և շարժողական թերապիա, քայլքի իմիտացիա։ Քանի որ հենաշարժողական խնդիրները բերում են հիպոդինամիայի և դրանից բխող մի շարք բարդությունների, այս սարքը կարող է կանխել դրանց զգալի մասը։ Սարքի շնորհիվ ոսկրերի և հոդերի վրա մարմնի քաշի կրման հետևանքով՝ ոսկորը չի կորցնում իր խտությունը, կանխվում է օստեոպարոզը, իսկ հոդերը, շարժումների շնորհիվ, չեն դեֆորմացվում և բերում անկիլոզների՝ հոդերի լրիվ անշարժացման, որի բարդությունը կոտրվածքներն են։ Հաջորդ բարդությունը մկանաջլային կոնտրակտուրաներն են և մկանային տոնուսն ու սպաստիկան։ Այս խնդիրները ևս բերում են նմանատիպ դեֆորմացիաների և պացիենտին գամում են անկողնուն՝ իր բոլոր հետևող խնդիրներով։ Պետք է նշեմ նաև ազդեցությունը անոթային շարժի կարգավորման վրա։ Պացիենտների հիպոդինամիայի և նյարդաբանական դիֆիցիտի հետևանքով տուժում է նաև անոթային շարժը, որը բերում է պերիֆերիկ այտուցների և խորը երակային թրոմբոզների։ Սարքի շարժողական ֆունկցիայի միջոցով կանխվում են այս խնդիրները, և մարզվում է սիրտանոթային համակարգը, կարգավորվում է արյան զարկերակային ճնշումը ևս։ Սրանք կանխարգելիչ-թերապևտիկ ազդեցություններ են։
Բուն թերապևտիկ ազդեցությունը քայլքի իմիտիացիան է այն դեպքում, երբ շարժողական ֆունկցիաները մասնակի պահպանված են կամ խանգարված։ Այսինքն՝ սարքը և՛ մարզում է մկանները՝ ավելացնելով մկանային ուժը, և՛ շտկում է քայլքի բիոմեխանիկան, և՛ ճիշտ քայլքի կրկնողական շարժումների հետևանքով ազդում է կենտրոնական նյարդային համակարգի վրա հետադարձ կապով, զարգացնում է մկանային հիշողություն՝ ծայրամասից կենտրոն սկզբունքով։
Մասնագիտացված մուլտիդիսցիպլինար վերականգնողական բուժում ստանալուց հետո պետք է պահպանել ստացված արդյունքը և բարելավել։ Տնային պայմաններում ևս սարքի կիրառման միջոցով կարելի է ոչ միայն պահպանել, այլ նաև բարելավել ստացված հաջողությունները։
Այս համակարգի ներդնումը արդիական վերականգնողական բժշկության մեջ բնութագրվում է մի շարք առավելություններով՝
• Ինչու ոչ, թեթևացնում է բուժաշխատակիցների աշխատանքի ծավալը,
• Կրճատվում է վերականգնողական բուժման տևողությունը՝ վիրտուալ իրականության կիրառմամբ ԿՆՀ-ի վրա ազդեցության հետևանքով,
• Հեռավար հսկողության և վերականգնողական միջոցառումների շարունակական կիրառման հնարավորություն,
• Պացիենտների ակտիվ ներգրավում իրենց վերականգնողական բուժման պրոցեսում՝ խաղերի միջոցով:
Վիրտուալ իրականության և հետադարձ կապի համատեղ իրականացումը նյարդավերականգնողական բուժման մեջ արդեն ապացուցված գիտություն է, որը լայն կիրառուն է ստանում օրեցօր: Վիրտուալ իրականությունը ինքնիրեն առանձին չի կիրառվում: Այն դիտարկում են, որպես կենսահետադարձ կապի կիրառման գործիք: Ներսուզվելը Վիրտուալ Իրականության մեջ իրական դեր է խաղում պացիենտի մոտիվացիայի բարձրացման մեջ՝ մարզումների համար: Մարզումները խաղերի միջոցով ավելի հեշտ է էմոցիոնալ առումով, քան մոնոտոն վարժանքների մըջոցով: Այս մեթոդը նաև թույլ է տալիս կազմել անհատական վերականգնողական ծրագրեր՝ կախված պացիենտի խնդրից՝ շարժողական և զգացողական դիֆիցիտից, որը, իր հերթին, ավելի էֆեկտիվ է դարձնում վերականգնումը: Համակարգը ևս թույլ է տալիս կատարել սկազբնական թեստավորում՝ հետագայում համեմատելու համար ստացված արդյունքները և ընթացքում, հարկ եղած ժամանակ, ծրագրերը ադապտացնելու տվյալ փուլին:
Պարտադիր պետք է նշել, որ այս ամենը պետք է կատարվի վերականգնողական դասական բժշկության հետ համատեղ: Վիրտուալ իրականությունը սիներգիկ, օգնող մեթոդ է: Հիվանդը զգում է իրեն, իր մարմինը տվյալ միջավայրում, կարողանում է շտկել դիրքը՝ տեսողական զգայարանների միջոցով, անգամ շարժողական բացակայող էլեմենտները սկսում են խթանվել կենտրոնական բարձր մակարդակով: Այն դեպքերում, երբ առկա է կայուն նյարդաբանական դիֆիցիտ, և անհնար է արդեն վերականգնվել, պացիենտը ստանում է էմոցիոնալ բավականություն, մոտիվացիա արարելու, այսինքն՝ իր մարմինը վերգտնում է վիրտուալ իրականությունում, իսկ եղած ֆունկցիաները պահպանում է՝ շատ և շատ բարդություններ կանխարգելելու համար (սա շատ և շատ կարևոր գործոն է վերականգնողական բուժման մեջ)։ Իսկ այն պացիենտները, որոնց մոտ առկա է ֆունկցիայի խանգարում, ոչ թէ բացակայում, կարողանում են համապատասխան ընտրցած խաղերի միջոցով ևս բարելավել, վերականգնել կորցրած ֆունկցիան:
Խաղերը թույլ են տալիս վիրտուալ միջավայրում կատարել գործողություններ, որոնք իրականում չեն կարող կատարել: Հոգեբանաէմոցիոնալ և շարժողական ներգրավվածության միջոցով յուրաքանրյուր խթան իրականացնում է մկանային հիշողություն ԿՆՀ-ի մակարդակով, և թույլ է տալիս նորից սովորել կատարել գործողություններ:
2022-02-25