2016 թվականի Քառօրյա պատերազմից հետո ռազմական գործողությունների հետևանքով զինհաշմանդամություն ունեցող տղաների թիվն աճեց, և դրան զուգահեռ առաջացավ նրանց վերականգնողական բուժումն ապահովելու խնդիր։ 

Դավիթը և նրա կինեզիոլոգ ընկերները սկսեցին զբաղվել զինհաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական բուժմամբ։ Այս գործընթացը պահանջում էր մեծ ջանք, ֆիզիկական ուժ և ծանրաբեռնվածություն, իսկ զինհաշմանդամություն ունեցող տղաների ընտանիքի անդամները միշտ չէ, որ կարողանում էին տան պայմաններում իրականացնել այդ բուժումը։ 

 

Դավիթն ու ընկերները սկսեցին վերականգնողական կենտրոններում և հոսպիտալներում տղաների հետ վերակագնողական բուժման աշխատանքներ իրականացնել, ինչը ժամանակի ընթացքում դարձավ առավել համակարգված և տեղափոխվեց Զինվորի տուն։ Այս ամենի շնորհիվ՝ ոմանց մոտ դրական արդյունքներ էին գրանցվում։ 

 

Ուստի առաջացավ անհրաժեշտություն՝ ստեղծելու սարքեր, որոնք ավելի կհեշտացնեին վերականգնողական բուժման գործընթացը։ Մեծ նվիրումի շնորհիվ այսօր ՔայլՏեքն արտադրում է 10-ից ավելի վերականգնողական և աջակցող սաքրեր և սարքավորումներ։

ՔայլՏեքը միավորում է տարբեր ոլորտների սրտացավ մասնագետների՝ կինեզիոլոգների, նյարդաբանների, վերականգնողական մասնագետների, բժիշկների, ինժեներների, ծրագրավորողների, 3D մոդելավորման և վիրտուալ իրականության մասնագետների՝ օգնելու հաշմանդամություն ունեցող մարդկանց վերականգնել կամ բարելավել իրենց շարժունակությունը: